BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Նիկոլա Սարկոզի. Հարկերի ու ծախսերի կրճատման իմ ծրագիրը

Նիկոլա Սարկոզի. Հարկերի ու ծախսերի կրճատման իմ ծրագիրը
05.10.2016 | 07:36

Le Figaro-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախկին նախագահ և ընտրություններում հանրապետականների նախագահի թեկնածու Նիկոլա Սարկոզին մանրամասն պատմում է իր տնտեսական ծրագիրը, որի նպատակը պետության ծախսերը և հարկերը միաժամանակ կրճատելն է:
«Միակ կարևոր հարցն է հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի տնտեսական ռազմավարությունը, որը Ֆրանսիային թույլ կտա վերականգնել լիակատար զբաղվածությունը,-ասել է Սարկոզին:-Այդ ռազմավարությունը բոլոր կետերով տարբերվում է նրանից, որով ապրում ենք վերջին հինգ տարիներին»:

Նախկին նախագահը առաջարկում է ընտրություններից հետո առաջին երեք ամիսներին քվեարկության դնել պետական ծախսերը 100 միլիարդ եվրոյով և հարկերը 40 միլիարդ եվրոյով կրճատելու ծրագիրը: «Այդ ծրագրերը պետք է հաստատվեն միանգամից և միաժամանակ, ես պնդում եմ այդ կետը,- ընդգծեց Սարկոզին:- Խոսքն այն մասին չէ, որ սկզբից իջեցվեն հարկերը, իսկ հետո, ավելի ուշ քվեարկվի խնայողության մասին, կամ հակառակը՝ սկսել խստացումից, ոչինչ չանելով հարկերը նվազեցնելու համար: Մեկ կետը չի կարող առանց մյուսի գոյություն ունենալ: Միայն այդպես ծրագիրը մեզ հնարավորություն կտա հաղթահարել վստահության ճգնաժամը, աճ ապահովել, խիստ կրճատել գործազրկությունը, սահմանափակել դեֆիցիտը և պարտքերը, պաշտպանվել տոկոսադրույքի բարձրացման ռիսկից»: Կպահանջի՞ դա քննարկում եվրոպացի գործընկերների հետ: «Ես եվրոպական մակարդակով բանակցությունների մեծ փորձ ունեմ և կարող եմ երաշխավորել, որ մեր գործընկերները Ֆրանսիայից ակնկալում են գլոբալ ռազմավարություն, որը թույլ կտա ոչ միայն կորուստները նվազեցնել, այլև արագ վերականգնել աճն ու նվազեցնել գործազրկությունը: Երկրորդ՝ մեր եվրոպացի գործընկերները կարիք ունեն գործերի, ոչ թե խոսքերի: Դա հենց այն է՝ ինչ ես առաջարկում եմ՝ գործեր, ոչ թե խոսքեր»՝ հայտարարեց Նիկոլա Սարկոզին:


Հարկերի նվազեցումը վերաբերում է գերազանցապես տնային տնտեսուհիների՞ն: «Այո»,-պատասխանեց Սարկոզին և բացատրեց՝ ինչպես է առաջարկում փոխել ֆիզիկական անձանց ժառանգության հարկերը, անշարժ գույքի գործարքներից եկամուտը: «Ես վստահ եմ, որ Ֆրանսիան երբեք աճը չի վերականգնի, եթե անհապաղ չբեկանի շոկային հարկերի մեծ մասը, որ սահմանել է ֆրանսիացիների համար Ֆրանսուա Օլանդը 2012-ից սկսած»՝ ասաց նա:


Տնտեսության մասին. «Ես խոսում եմ տնտեսության կառուցվածքի մասին: Դա բարեփոխումներ անցկացնելու և կորուստները կրճատելու իմ ցանկության երաշխիքն է: 60 միլիարդ եվրո կտնտեսվի բնակչության սոցիալական պաշտպանության համար: Կենսաթոշակային բարեփոխումը ամռանից սկսած հաստատվելով՝ նախատեսում է կենսաթոշակի գնալու տարիքը 2020-ի 63-ից դարձնել 64՝ 2025-ին: Հինգ տարում դա թույլ կտա 15 միլիարդ տնտեսել»:


«Պետծառայողների աշխատավարձի ֆոնդի կրճատումը տնտեսման ևս մեկ աղբյուր է՝ 20 միլիարդով: Սկզբում նրանք կհավաքվեն պետական գերատեսչությունների 300 հազար աշխատակիցների կրճատումով 5 տարվա ընթացքում,-բացատրում է Սարկոզին: -Թոշակի գնացող երկու պաշտոնյաներից միայն մեկն է փոխարինվում, այդ ցիկլը տարածվում է և իշխանության տեղական մարմինների վրա: Միայն մեկ բացառություն եմ անում՝ անվտանգության մարմինների համար: Ես մտադիր եմ վերակազմակերպել պետծառայողների աշխատաժամանակը՝ աշխատանքային շաբաթը 35 ժամից հասցնելով 37-ի և ծառայողական առաջընթացը պայմանավորել վաստակով, այլ ոչ թե տարիների թվով»:
Ի՞նչ դեր եք հատկացնում պետական սեփականությանը:


«Իմ տեսակետը պարզ է. նվազեցնել պետության մասնակցությունը ձեռնարկություններում, որոնց համար այդ մակարդակով մասնակցությունն այլևս արդարացված չէ, նույնիսկ եթե տեղերում իրավական պահնորդության հարկ լինի՝ ապահովելու համար պետական շահերի պաշտպանությունը: Այն ձեռնարկություններում, որտեղ պետությունը կմնա բաժնետեր, պետք է դառնա իսկական բաժնետեր, որ բարեփոխումների քաղաքականություն է վարում»,- ասաց Սարկոզին: Լրագրողները հարցրին՝ ո՞րն է նրա ծրագրի սկզբունքային տարբերությունը մրցակիցների ծրագրերից: «Ես միակն եմ, ով առաջարկում է միաժամանակ նվազեցնել և հարկերը, և պետական ծախսերը: Ես նաև միակն եմ, ով առաջարկում է փոխհատուցել հարկերի նվազեցումը պետական ծախսերի սահմանափակման առավել բարձր գումարներով, որոնք կհաստատվեն 2017-ի սկզբին»,- պատասխանեց Նիկոլա Սարկոզին:


Աշխատանքային շաբաթը 35 ժամից ավելացնելու սկզբունքը ձեռնարկության ազատության մեջ է՝ սահմանել աշխատաժամանակը երկու կանոնների հիման վրա. անհրաժեշտ է վարձու աշխատողների համաձայնությունը, այդ թվում` ներքին խորհրդակցությունների ճանապարհով, աշխատված բոլոր ժամերի դիմաց պետք է վճարվի: «Դա տարբերվում է 39-ժամյա աշխատանքային շաբաթի առաջարկից, որից վճարվելու է միայն 35 ժամը, որ անարդար ու անիրականացնելի է»,- կարծում է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն:
«Իմ ծրագիրը երեք առավելություն ունի: Առաջին՝ հիմնվում է արժեքների վրա, որ շատերն են կիսում Ֆրանսիայում՝ աշխատանք, արժանապատվություն, ընտանիք, արդարություն հասարակականի ու անձնականի հարաբերություններում: Երկրորդ՝ իմ ծրագիրը շատ կոնկրետ է: Ես 4-5 տարի ձգվող խոստումներ չեմ տալիս. քայլերը, որ ես առաջարկում եմ, կձեռնարկվեն 2017-ի ամռանը: Այո, ես խնդրում եմ ֆրանսիացիներին լուրջ ջանքեր գործադրել պետական ծախսերի նվազեցման առումով, դա ճիշտ է, բայց դա կհավասարակշռվի հարկերի անհապաղ նվազեցումով` 40,5 միլիարդով: Եթե ես հաղթեմ, ես նախապես ամեն ինչ ասել եմ՝ սկսած դժվար քայլերից: Որևէ ֆրանսիացի անակնկալի չի գա և չի համարի, որ իրեն խաբել են: Դա սկզբունքորեն տարբերվում է նրանից, ինչ կատարվում է Ֆրանսիայում՝ սկսած 2012-ից և դա է Ֆրանսիայում բարեփոխումների հաջողության պայմանը»,- ընդգծել է Ֆրանսիայի նախկին նախագահը:
Մարին ՄՈՒՐԳ, Պոլ-Անրի դյու ԼԻՄԲԵՐ, Մարի ՎԻԶՈ, Մարկ ԼԱՆԴՐԵ, Le Figaro


Հ.Գ. Առանց մեկնաբանությունների ու գնահատականների՝ հանձնում եմ էկոնոմիկայի նորանշանակ նախարարի ու վարչապետի ուշադրությանը՝ ինչպես վարվել հարկերի ու ծախսերի հետ թեման քննարկելիս: Միայն չասեք, թե Հայաստանը Ֆրանսիա չէ: Հիմքում բոլոր երկրներն ունեն նույն խնդիրները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1962

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ